Համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան համերգի համար Կառավարությունը մոտ 6 մլն դոլար կհատկացնի։ Որոշումն ընդգրկված է այսօրվա՝ օգոստոսի 11-ի Կառավարության չզեկուցվող հարցերում։

Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիության և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։ Կառավարությունը նախատեսում է, որ համերգին ներկա կլինի 20-25 հազար երկրպագու, նրանցից մի քանի հազարը տուրիստներ, որոնք Հայաստանում նախատեսվում է՝ կծախսեն շուրջ 1000 դոլար։

Պահանջվող գումարը կկազմի 2 մլրդ 318 մլն 596 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել նիջոցառման անցկաց¬ման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո։

Հիշեցնենք, որ համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։

 

1210