Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում հավանություն տրվեց «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ:
Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:
Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`
էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում,
սեյսմիկ անվտանգության բարելավում,
այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում,
ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում,
վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվող «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ: