
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:
Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատմանը, անձը հաստատող փաստաթղթերի ստացմանը, աշխատանքով ապահովմանը, զբաղվածությանը, առողջության պահպանման իրավունքին առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում: