2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին՝ կատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։ Այս մասին հայտնում են ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

Բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները:

ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել մեր հաճախորդներին՝ հաղթահարելու Covid-19 համաճարակի ազդեցությունը: Մեր աջակցությունը ներառում է իրացվելիության ապահովում և առևտրի ֆինանսավորում: Մենք ներդրումներ ենք արել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում: Բանկային հատվածին մեր ցուցաբերած աջակցությունը խթանել է ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության (ԵՄ) հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարևոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում»:

ՎԶԵԲ-ը մեծացրել է իր ներդրումների ծավալը տնտեսության անմիջական կարիքները հոգալու և վերականգնման հիմքեր ստեղծելու նպատակով՝ կենտրոնանալով ապագայում բարելավված տնտեսությունների վերակառուցման վրա: Բանկը շարունակել է իր աջակցությունը կենտրոնացնել մասնավոր հատվածի վրա, և այդ աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը:

Նորարարական ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում և Կովկասում արդյունաբերական մասշտաբի 55 Մվտ հզորությամբ առաջին արևային էլեկտրակայանը։ Ծրագիրը կօգնի մեծացնել Հայաստանում մաքուր էներգիայի պաշարը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող վառելիքներից:

Օժանդակելով առևտրի կենսական հոսքերի պահպանմանը՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում նոր ռեկորդային աջակցություն է ցուցաբերել առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ շուրջ 70 միլիոն եվրո գումարի չափով Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են ութ տեղական գործընկեր բանկեր։

ՎԶԵԲ-ը էլ ավելի է ընդլայնել իր աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ վարկեր տրամադրելով առևտրային բանկերին բիզնեսի հետագա վարկավորման համար: Սա ներառում է «Կանայք բիզնեսում» վարկային գծերը: Ենթակառուցվածքների ոլորտում Բանկը ֆինանսավորում է Մեղրի քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որպեսզի այն համապատասխանի անվտանգության և ապահովության ժամանակակից պահանջներին:

Ծրագիրը զգալի դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրամիությունից։ ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը: Խորհրդատվական և քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվածություն Բանկը նաև բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով խորհրդատվական 80 ծրագիր 70 տեղական խորհրդատուների օգնությամբ և երեք միջազգային խորհրդատվական միջոցառումների, շուկայի զարգացման 10 միջոցառումների և դասընթացների միջոցով:

Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ) սկսել է նորարարական նախաձեռնություն`համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ` տեղական բիզնեսներին տրամադրելով ճգնաժամի հաղթահարման թեմաներով անվճար վեբինարներ։ Ազգային ժողովն ընդունել է ԳԱԳ-ի կողմից մշակված՝ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող փաթեթը:

431