AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ, ԵՊՀ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրի մագիստրոս Քնար Ղազարյանն է։

 

 

Քնար, այսօր, թերևս հանրությունը զգում է կոմպետենտ վերլուծություններ կատարող քաղաքագետի անհրաժեշտությունը: Հետաքրքիր է՝ Ձեր համակուրսեցիներից քանի՞սն են հենց իրենց մասնագիտությամբ աշխատում:

Հաշվի առնելով, որ քաղաքագիտությունը նաև տարբեր գիտությունների համախումբ է՝ կարող ենք ասել, որ բոլորն էլ աշխատում են իրենց մասնագիտությամբ:

 

ԵՊՀ-ում ո՞ր առարկաների շրջանակներում եք ձեռք բերել վերլուծական հմտություններ:

Իրականում մեր բոլոր դասախոսները թե՛ բակալավրում և թե՛ մագիստրատուրայում շատ անձնվիրաբար են կատարում իրենց աշխատանքը, ու բոլորն էլ իրենց ներդրումն ունեն մեր վերլուծական մտքի զարգացման հարցում. չեմ առանձնացնի որևէ առարկա։

 

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա ի՞նչ փոփոխություններ կկատարեիք համալսարանական առարկայացանկում:

 Ցանկալի կլիներ մասնագիտական պրակտիկան մեկից ավելի լիներ, ինչպես նաև առարակայացանկում կավելացնեի հարևան երկրների լեզուների դասավանդումը։

 

 

Հմուտ քաղաքագետ լինելու համար նվազագույնը քանի՞ լեզվի է անհրաժեշտ տիրապետել:

Հիշենք  հին ասացվածքը «Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես». իմ կարծիքով՝  քաղաքագետը նվազագույնը 3 օտար լեզվի պետք է տիրապետի։

 

«Ուսանողը» շարքի մասնակիցներից այն մարդիկ, որոնք սովորել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության և հանրային կառավարման բաժիններում, դժգոհել են իրենց ուսումնառության շրջանում անընդմեջ գործող երկրորդ հերթից (հիմա, իհարկե, խնդիրը կարգավորվել է): Ձեր դեպքում նույնպե՞ս երկրորդ հերթն արհեստական խոչընդոտներ է ստեղծել:

Չնայած երկրորդ հերթն իր հետաքրքրությունն ուներ, բայց դասերը սկսվում էին կեսօրից հետո և ավարտվում 7-ին. ոչինչ չէիր հասցնում անել։

 

 

Քնար, մագիստրոսական ծրագրերից ինչու՞ նախապատվությունը հենց «Ազգային անվտանգությանը» տվեցիք: Կխոսե՞ք կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին:

Իմ հետաքրքրություններին ավելի մոտ էր տվյալ մագիստրոսական ծրագիրը։ Ուսումնառության ընթացքում մենք ձեռք բերեցինք հմտություններ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրները վերլուծելու և համակարգելու համար։

 

Ձեր ուսումնառության ընթացքում մասնագիտական գրականության հետ կապված խնդիրներ առաջացե՞լ են: Կարողացե՞լ եք ձեռք բերել հանձնարարվող հեղինակների գործերը:

Մենք կարողանում էինք գտնել հեղինակների գործերը կամ բարձր կուրսերից կամ  ռուսերեն ու անգլերեն տարբերակով, ինչը իրականում խնդիր էր, քանի որ ոչ բոլորն էին տիրապետում  այդ լեզուներին։ Հայալեզու մասնագիտական գրականության պակաս կար։ Իսկ գրադարանում ոչ բոլոր գրքերն էին առկա:

 

 

Ո՞ր թեմայի շուրջ եք գրել Ձեր մագիստրոսական թեզը. աշխատանքն ավարտելիս ի՞նչ առաջնահերթ եզրահանգումների եք եկել:

Մագիստրոսական թեզս  գրել եմ «Միգրացիոն գործընթացների ազդեցությունը Եվրպական բազմամշակութային հասարակության պայմաններում» թեմայով։

Միգրացիայի թեման և դրա կարգավորման խնդիրները դարձել են բուռն քաղաքական քննարկումների առիթ ԵՄ երկրներում: Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Եվրամիության երկրների միջև ներքին և արտաքին հակասությունները էլ ավելի նկատելի դարձան: Այս ճգնաժամը ցույց տվեց, որ Եվրամիությունը պատրաստ չէր դրան, և մահմեդական միգրանտների՝ եվրոպական արժեքների համար աճող սպառնալիք լինելը կարող է վերջ տալ մուլտիկուլտուրալիզմի և հանդուրժողականության իդեալներին, ինչպես նաև ԵՄ միգրացիոն քաղաքականության հիմքերին:
Եվրոպայի բնակչության էթնիկական կազմի էական փոփոխության համատեքստում արդիական են դառնում նոր բնակության վայրերում միգրանտների ինտեգրման հայեցակարգի տեսական հիմնավորման խնդիրները, փախստականների խնդիրը, որոնք միգրանտների թվաքանակի առումով բավականին շատ են դարձել ժամանակակից հասարակության մեջ:

Միգրացիոն գործընթացները զգալիորեն փոխել են և շարունակում են փոխել տարածաշրջանների, երկրների և ամբողջ մայրցամաքների բնակչության էթնիկական և սեռատարիքային կազմը: Բազմաթիվ հասարակություններ, որոնք մինչև վերջերս ունեին բնակչության մոնոէթնիկ կազմ, դառնում են բազմաէթնիկ:
Չնայած Եվրոպայի երկրներն ունեն միգրացիոն հոսքերը կառավարելու պատմական փորձ, սակայն, ժամանակակից Եվրոպայում միգրացիայի ոլորտում դեռ կան լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են ներգաղթի քաղաքականության իրավական և կազմակերպչական-տնտեսական մեխանիզմի կատարելագործում:

 

Քնար, ներկայումս նաև ծրագրավորման ոլորտում եք մասնագիտանում: Հումանիտարից դեպի համակարգչային գիտություններ անցնելը բարդ  չէ՞ր՞

Անկեղծ՝ ոչ։ Մի քիչ մաթեմատիկայի իմացություն ու տրամաբանություն, այսքանը։

Մեծ ցանկության դեպքում ոչինչ էլ բարդ չէ... չէ՞ որ անհնարին ոչինչ չկա:

 

 

Եթե ամեն բան նորից սկսելու հնարավորություն Ձեզ տրվեր, ապա ո՞ր հաստատությունում և ի՞նչ մասնագիտությամբ կնախընտրեիք ստանալ Ձեր կրթությունը:

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և չեմ զղջում իմ կատարած ընտրության համար։ Ես վստահաբար նորից կընտրեի մեր Մայր բուհը «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ։

 

Օլյա Շահինյան

 

 

33197