«Թալիբան» շարժման զինյալները երեկ` օգոստոսի 15-ին, առանց մարտերի մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, գրավել նախագահական նստավայրը՝ իրենց վերահսկողության տակ առնելով ամբողջ Աֆղանստանը, իսկ երկրի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, իր խոսքով` արյունահեղությունից խուսափելու համար։

Դեռևս այս տարվա մայիսից ահաբեկչական խմբավորումը բազմապատկել էր հարձակումները կառավարական զորքերի դեմ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենը  հայտարարեց, որ ԱՄՆ-ը կդժվարանա Դոնալդ Թրամփի և «Թալիբանի» ղեկավարի հետ պայմանավորվածության արդյունքում որոշված վերջնաժամկետում` մինչև մայիսի սկիզբ, դուրս բերել իր զորքերը։

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը երկար գործընթաց է, այն ձգձգվում է մինչ օրս։ Դեռևս Բարաք Օբամայի նախագահության տարիներին նախատեսվում էր ամերիկյան զորքերի ամբողջովին դուրսբերումը, սակայն գործընթացում լուրջ փոփոխություն չեղավ։ Վերջապես, 2020 թ. փետրվարին Դոհայում ստորագրվեց «պատմական համաձայնագիր» «Թալիբանի» և ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի միջև, ըստ որի՝ Պենտագոնը 14 ամսում պետք է դուրս բերեր իր զորքերը այն նախապայմանով, որ համաձայնագրի ստորագրումից հետո սկսվեին թալիբների և Աֆղանստանի կառավարության միջև բանակցությունները: 2020-ի սեպտեմբերին սկսվեցին երկու կողմերի՝ պաշտոնական Քաբուլի ու «Թալիբան» շարժման միջև բանակցությունները։

Կար կարծիք, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը վերջապես խաղաղություն կբերի Աֆղանստանում, սակայն, ինչպես տեսնում ենք, Աֆղանստանում իրավիճակը կտրուկ փոխվեց, անգամ առաջացել է ռազմական բախումների հավանականություն թալիբների եւ ամերիկյան զորքի միջեւ։

Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի «մատը խառն է», որը այսկերպ ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը երկրում նորից անկայունություն կստեղծի, ուստի  ամերիկյան զորքը պետք է շարունակի ապահովել աֆղան ժողովրդի անվտանգությունը։ Այստեղ հարց է առաջնում. եթե ամերիկյան զորքերը մնան Աֆղանստանի տարածքում, սա չի՞ հանգեցնի թալիբանների հետ ռազմական բախման։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը և թալիբները ինչ-որ կետում պայմանավորվածության են եկել։

Բացի վերոնշյալից՝ այս իրավիճակը ձեռնտու է Վաշինգտոնին, քանի որ Աֆղանստանը տարածաշրջանում հարևան է Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին, ուստի Աֆղանստանում ներքին լարվածությունը և թալիբների գործողությունները կարող են  անկայուն իրավիճակ ստեղծել նրանց համար։

Հատկապես վտանգը մեծ է Ռուսաստանի համար, քանի որ  թալիբները մոտենում են  տաջիկ-աֆղանական սահմանին, որը նաեւ ՀԱՊԿ-ի սահմանն է։  Ռուսաստանը այն սպառնալիք է համարում իր ազգային անվտանգությանը, քանի որ թալիբները կարող են հայտնվել Միջին Ասիայում և ներթափանցել Ռուսաստանի սահման։ Բացի այդ, Միջին Ասիայում անվտանգության երաշխիքներ են խոստացել նաև ԱՄՆ-ն ու Թուրքիան․ սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը այդ տարածաշրջանում։ Ի դեպ, նշենք` Տաջիկստանն արդեն դիմել է ԱՄՆ-ին իր ավտանգությունն ապահովելու համար։

Այս օրերին ակտիվացել էր նաև Թուրքիան։ Անկարան ցանկանում էր իր վերահսկողության տակ վերցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Վերջին ամիսներին օդանավակայանի վերահսկողությունը ստանալու համար Էրդողանը փորձում էր սիրաշահել թալիբներին, սակայն այն ոչ մի արդյունք չտվեց. թալիբները արմատապես դեմ են երկրի ներսում օտարազգի զինվորականների ներկայությանը։ Անգամ օգոստոսի սկզբին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի Պակիստան այցելությունը կապվեց թալիբների հետ։ Լուրեր էին շրջում, թե Աքարը փորձել է Պակիստանի միջոցով երկխոսություն սկսել թալիբների հետ, քանի որ ահաբեկչական խումբը կապ ունի Պակիստանի հետ։

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները` ցույց կտա ժամանակը։ Նախ «Թալիբանը», որը 2003 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական խումբ, այսօր կարծես դուրս է եկել այս սահմանումից։ Անցյալ տարի Դոնալդ Թրամփը նրանց հետ բանակցություններ սկսելով՝ վերջիններիս կարգավիճակ տվեց, դարձրեց բանակցող կողմ։ Ուստի, հնարավոր է, իշխանությունը դեռեւս որոշ ժամանակ մնա թալիբների ձեռքում։

8332