
«Եվրամիությունը Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ չի ճանաչում»,- նշված է դաշինքի 27 անդամների կողմից այսօր ընդունված համատեղ հայտարարության մեջ։
«Ազատություն» լրատվականի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ պետությունները խստորեն քննադատում են Լուկաշենկոյի երեկ կայացած երդմնակալության արարողությունը։
«Այդ այսպես կոչված՝ երդմնակալությունը և նախագահական նոր մանդատը, որին հավակնում է Ալեքսանդր Լուկաշենկոն, զուրկ են ժողովրդավարական լեգիտիմությունից։ Այդ քայլը ուղղակիորեն հակասում է Բելառուսի բնակչության մի զգալի մասի կամքին, որն արտահայտվել է ընտրություններից հետո անցկացված բազմաթիվ աննախադեպ և խաղաղ ցույցերի միջոցով»,- հայտարարում են ԵՄ ներկայացուցիչները։
Կառույցի ղեկավարների համոզմամբ՝ «Լուկաշենկոյի երդմնակալությունը նպաստելու է Բելառուսում քաղաքական ճգնաժամի հետագա խորացմանը»։