
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք էլ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն, քանի որ առկա է քաղաքական ամուր կամք և մեր հանրության պահանջը։ Այս մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում։
«Կուզենայի նաև, ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100.000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը․ Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց», - ասաց նա։
«Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ։ Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը, և իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը։ Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է։
Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն։
Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ մենք մեծապես կարևորում ենք հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել։ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքների վրա։ Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դիվերսիֆիկացումն է։
Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև Եվրոպական միության անդամ երկրների հետ։
Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում։ Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններն են։ Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանն ընդգրվեց «Խաղաղության եվրոպական գործիք» ծրագրում, Եվրոպական միությունը երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս 2 տարով, ինչն ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկերը։ Եվ վերջապես, օրեր առաջ, փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալուն ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է»,- հավելեց Սիմոնյանը։