
Իմ խեղճ հայրենիք` Դրսից բռնազավթված, ներսից բռնաբարված, 30 տարի շարունակ: Մենք չենք պարտվել, չենք էլ հաղթել: Պատերազմը հաղթողներ և պարտվողներ չի տալիս, տալիս է միայն «շատ» ու «ավելի շատ» տուժածներ: Ողջ մնացած հերոսներ էլ չի տալիս, միայն, մեռած հերոսներ, կամ մարտիկներ, որ ուզում են հերոս մնալ, բայց ապրում են այնքան, մինչև դառնում են սրիկաներ: Պատերազմը տալիս է կշտանալու չափ զոհեր, հիվանդներ, գազան հետ վերադարձած զինվոր տղաներ, որ մտածում էին իրենք մարդ են հետ գալու, բայց սխալվեցին...
21-րդ դարը այլևս մարդու պատերազմի դար չէ, 30 տարի գրպանած փողի ու վտարած ուղեղների պատերազմի դար է: Բայց միևնույն է երբեք ուշ չէ, հաջորդ 30 տարին մեր առջևում է, հինգ-հինգ տարի ինտերվալներով: Ղարաբաղում, միևնույն է հայեր են ապրում, ովքեր վաղ թե ուշ մեր պաշտպանության կարիքը կունենան:
Հարցը մնում է մեկը` երբ ռուսական պաշտպանությունը սպառի իր պոտենցիալը, բավական վճռականություն և ռեսուրս կունենանք ինքներս մեզ պաշտպանելու, և մեր ավետարանչական առաքելությունը ավարտին հասցնելու համար: Այս հարցը մեզնից յուրաքանչյուրը պիտի ինքը իրեն տա, և հավելի, թե որքան ոգի է ինքը ներդնում, այդ վճռականությունն ու ռեսուրսը ունենալու համար: Նաև պիտի հարցնի ինքն իրեն, արդյոք իր ներդրածի չափ էլ ակնկալում է իր իշխանությունից: Ցավն այն է որ 30 տարի մեր վճռականության և ռեսուրսների ավազանը լցրել ենք համկարգված ընտրակեղծիքներով, կաշառքով, սին երազներով ու պարծենկոտությամբ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին հեքիաթներով, ապարդյուն հուսադրող հեքիաթներով: Ցավը նաև այն է որ 30 տարի հանդուրժել ենք գող ավազակների իշխանոությունը, այն մարդկանց իշխանությունը որ 90ականների Ղարաբաղի հերոսների մորթու տակ եկան և սկսեցին հոշոտել հայաստանի անմեղ գառներին ու կիսամեղավոր ոչխարներին:
Հանդոուրժել ենք նաև պետական հարստությունների տոնավաճառը որ նրանք կազմակերպեցին: Ահա թե ինչով ենք լցրել մեր վճռականության ու ռեսոուրսների ավազանը 30 տարի շարունակ: Բայց կրկին, երբեք ուշ չէ, մեր վճռականության ու ռեսուրսների կեղտոտ ու դատարկ ավազանը նորից մեզ է սպասում, մեր իսկ արտացոլմամբ նայոում է մեզ վրա և երկմտում է, թե այս անգամ ինչ ենք լցնելու իր մեջ: Լավագույնը դառնալու առաջին նախապայմանը ընդոունելն է որ դու լավագույնը չես, երկրորդը` այդ մտքի հետ չհամակերպվելն է:
Մեր սերոունդները հույսով լի սպասելու են, որ մենք ընդոունենք և չհամակերպվենք այն փաստի հետ որ մեր բանակը այլևս ամենամարտունակը չէ, որ մեր երկիրը ամենազարգացածը չէ, ամենահարոուստը չէ, ամենանորարը չէ ամենահամառը չէ, մեր սերոունդները սպասելոու են որ մենք ուղղենք այս սխալները, ուտելու հաց չունենանք բայց ուղղենք, որովհետև սովից դեռ ոչ ոք չի մեռել .... իսկապես աստվացաշնչյան ժողովուրդ ենք, կտակարանական ժողովուրդ, մեր դավանած արժեքներով, և մեր գործած սխալներով: Ահաբեկիչին գերի ենք վերցնում ու բուժում, միևնույն ժամանակ դասալքում ենք բանակը և դավաճանում: Կտակարանական մի ժողովուրդ ենք, որը անապատների փոխարեն կովկասի ամայի լեռներում ու հարթավայրերում է փնտրում իրեն ի վերուստ խոստացված երկիրը: Կգտնենք, եթե հավատանք ու փոխվենք:
Անպայման կգտնենք:
Մովսես Մահտեսյան